Տան Սուրբ ձեռագրեր

2011 թ. սկսած՝ ՀԱԻ արխիվի գիտական թիմը իրականացնում է հայկական սրբատեղիների, պաշտամունքային վայրերի ուսումնասիրությունը։

Սրբավայրը ֆիզիկական այն տարածքն է, որտեղ իրականացվում է պաշտամունքը, այսինքն, մարդիկ կատարում են գործողություններ, արտասանում կամ երգում են հատուկ բովանդակության տեքստեր (աղոթքներ), և այդ գործողություններն ու տեքստերը ապահովում են մարդու կապը վերմարդկային ուժի հետ։ Սրբավայրն այդ մշակույթին պատկանող մարդկանց պատկերացումների մեջ սրբազան զորության աղբյուր է, որտեղ տեղի են ունենում հրաշքներ, որտեղ մարդու խոսքը և գործողությունը հասնում են վերին հասցեատիրոջը։ Եթե սրբավայրը նաև ուխտատեղի է, ապա շատ կարևոր է նաև սրբավայրին հասնելու ճանապարհը, երթը, որը նույնպես ծիսական գործողություն է և արտահայտում է մարդու հարգանքն ու երկյուղածությունն առ վերին ուժեր։

Հայկական սրբավայրը ժողովրդական մշակույթի կարևոր և ուրույն երևույթ է։ Հայերն ունեն գործող բազմաթիվ վանքեր և եկեղեցիներ, ունեն նաև համեստ տեղական ժողովրդական սրբավայրեր՝ մատուռներ կամ բացօթյա տարածքներ։ Ժողովրդական սրբավայրերը նվիրված են հովանավոր-սրբերին, որոնք էլ կարող են ի կատար ածել ուխտավորների խնդրանքները՝ բուժում շնորհել հիվանդներին, պահպանել բանակում ծառայողների կյանքն ու առողջությունը, պարգևել երկար սպասված զավակ, հոգու հանգստություն գտնել, օգնել ամուսնանալ սիրելի էակի հետ և այլն։ Սրբերը կապի մեջ են մտնում մահկանացու մարդկանց հետ՝ երազների, տեսիլների, սրբավայրում կամ դրա այցելությունից հետո հուժկու զգացմունքային ալիքների միջոցով։ Այդ տեղերում չկան մշտական հոգևորական-ծառայողներ, բայց հատուկ դեպքերում կարող են տեղի ունենալ արարողություններ՝ քահանաների ներկայությամբ։

Հայկական ժողովրդական սրբավայրերը բնորոշ են միայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և Հայ Կաթողիկե եկեղեցու հետևորդներին։

Հայկական ժողովրդական քրիստոնեությունը էթնիկական-ազգային մշակույթի հարուստ մի ճյուղ է, որի նյութականացված արտահայտությունն է սրբատեղին։ Հայաստանի ամենատարբեր վայրերում կարելի է հանդիպել ժողովրդական սրբավայրեր, որոնք արտաքուստ տարբեր են, սակայն պաշտամունքը, որը կատարվում է այդ սրբավայրերում ունի միևնույն կամ գրեթե միևնույն դրսևորումները։

Հաճախ ժողովրդական սրբավայրերն ունենում են խնամող-պահապաններ, որոնք ոչ միայն հետևում են սրբավայրի մաքրությանը և հավատացյալների զոհաբերած դրամով մոմ են գնում՝ սրբավայրի այցելուների համար, այլև կարող են կատարել որոշ բուժական ծեսեր՝ սրբավայրի հովանավոր-սրբի անունով։

Հայկական ժողովրդական քրիստոնեության բնորոշ երևույթներից մեկն է Տան սուրբը։ Տան սուրբը ընտանիքի, տոհմի սեփականությունը հանդիսացող, մասնավոր տներում գտնվող սրբազան զորություն է։ Այն կարող է ունենալ կամ չունենալ նյութական, առարկայական արտահայտություն։ Լինում է, որ գյուղական տան մեջ, ընտանիքին պատկանող տնտեսական որևէ մասում հրաշք է տեղի ունենում, օրինակ, գոմում կենդանիները քրտնում են՝ անկախ եղանակից կամ մշտապես անհանգիստ են լինում, որևէ պատի վրա լույս կամ պատկեր է հայտնվում։ Սրբությունը կարող է ի հայտ գալ տան անդամներից մեկի կամ մի քանիսի տեսիլներով, երբ երեխան կամ մեծահասակը պարբերաբար հայտնում են, որ ինչ-որ անծանոթ, սպիտակ կամ կարմիր զգեստով մարդ է քայլում տարածքում, որին ոչ բոլորն են տեսնում։ Սուրբը կարող է հայտնվել ընտանիքի անդամի երազում և պահանջել, որ իրեն նվիրված հատուկ անկյուն, սենյակ հարդարեն, որտեղ կարող են շփվել իր հետ, կառուցեն առանձին մատուռ։ Հաճախ այդպիսի տեսիլներն ու երազներն առիթ են դառնում, որ դրանք տեսնողի մոտ առաջ գան գուշակական ընդունակություններ կամ ինչ-որ հիվանդություններից տառապողներին աղոթքով ու ծեսով բուժելու ձիրք։ Տեսիլով կամ երազով եկող սուրբը նաև կարող է հուշել, որ տան որևէ տեղում սրբություն է պահվում, իսկ ընտանիքի անդամները հայտնաբերում են իրենց տանը կամ այգում պահված խաչքարեր, եկեղեցական իրեր, գրքեր։

Սակայն առավել հաճախ ընտանիքի ձեռքում է հայտնվում այնպիսի իր, որը ինչ-որ ժամանակ անցյալում պահվել է եկեղեցում կամ վանքում։ Այդ իրը կարող է լինել հոգևորական-նախնու ժառանգությունը, կամ պատերազմի, օրհասի պահին փրկված լինել վանքից ու պահ տրված լինել այդ ընտանիքին որպես կրոնական մեծ նշանակություն ունեցող առարկա։ Սովորաբար, այդպիսի իրերը, կամ «շարժական սրբությունները» տեղափոխվում են ընտանիքի հետ, երբ այն փոխում է իր բնակավայրը։ Օտար, այլազգի միջավայրում տան սրբերը դառնում են ազգային մշակույթի կղզյակներ, իսկ խաղաղ, ապահով պայմաններում սրբությունների վրա մատուռներ, անգամ եկեղեցիներ են կառուցվում։

Ահա այսպիսի պատճառներով են առաջանում տան սրբերը։ Եթե դրանք մեծ թվով հրաշքներ են գործում, մարդիկ բուժվում, իրենց երազանքների իրականացումն են գտնում դրանց միջոցով, ապա իրենց ժողովրդականությամբ տան սրբերը երբեմն կարող են մրցել վանքերի հետ։ Իսկ եթե սրբազան առարկան որևէ պատճառով հեռանում է այդ ընտանիքից, մարդիկ սպասում են դժբախտությունների։ Եղել են դեպքեր, երբ սրբազան առարկայի առևանգումից հետո մարել են ընտանիքներ և նույնիսկ ամբողջ գյուղեր լքվել բնակիչների մեծ մասի կողմից։

Տան սրբերի մշակույթը այսօր էլ կենդանի է Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում։ Մարդիկ շարունակում են գնալ «սրբի տուն», ընկալելով դա որպես ուխտագնացություն։ Ուխտավորներն այդ փոքր սրբավայրերում մոմ են վառում, աղոթք անում, կատարում են մատաղի արարողություններ, երբեմն նույնիսկ գիշերում են սրբավայրում՝ բուժում ստանալու նպատակով։ Մինչև մեր օրերը կան տան սրբեր, որտեղ հատուկ ձիրքով տերերը իրականացնում են բուժիչ և պաշտպանիչ արարողություններ։

Տան սրբերը բնորոշ են այն բանով, որ դրանցում միշտ պահվում են մեծ թվով գլխաշորեր և ասեղնագործված մեծ թաշկինակներ։ Ժողովուրդը կոչում է դրանք «շուշպա»։ Սրբավայրում գտնվող շուշպաների մեծ մասը հավատացյալների նվերներն են սրբավայրին՝ ի նշան հարգանքի, խնդրանքի կարևորության կամ իրենց իղձերի կատարման՝ հովանավոր սրբի կողմից։ Դրանց մեջ շատ են ձեռագործ աշխատանքները, որոնց վրա գրված կամ ասեղնագործված է սրբի (սրբավայրի) անունը, շնորհակալական արտահայտությունը կամ նվեր լինելու հանգամանքը, երբեմն նաև նվիրատուի անունը կամ այն մարդու անունը, որի համար խնդրում է նվիրատուն։

Սակայն ամենակարևոր շուշպաներն են այն կտորները, որոնց մեջ փաթաթվում է գլխավոր սրբություն-իրը։ Այդպիսի շուշպաներն իրենց վրա են վերցնում այդ առարկայի սրբությունը և հատուկ վարմունք են պահանջում։ Դրանք չի կարելի գլխին կապել կամ որևէ կերպ օգտագործել իբրև զարդ, հագուստի մաս։ Դրանք կարելի է լվանալ միայն հացի խմորի տաշտակի կամ երբեք չօգտագործված ամանի մեջ, առանց օճառի, իսկ հաճախ լվացողը պետք է կույս աղջիկ լինի, քանի որ շուշպային հպվելու իրավունք ունենալը ենթադրում է անարատություն, մաքրություն։ Դրանք չի կարելի դեն նետել, եթե մաշվեն, իսկ եթե շատ են քրքրվում, շուշպաները կարելի է միայն այրել, մոխիրն էլ լցնել ծառի տակ կամ այնպիսի մի վայրում, որտեղ մարդկային ոտքը չի կոխում։ Այդ իսկ պատճառով շուշպաները, որոնցով փաթաթված են սրբազան առարկաները, երբեմն 100-ից ավել տարեկան են։

Տան սուրբը որպես սրբավայր կարող է լինել բնակելի տան ներսում՝ հատուկ հարդարված առանձին սենյակ կամ անկյուն, իսկ կարող է լինել մատուռ՝ տնամերձ հողամասում կամ տան մոտակայքում, որի դռները միշտ բաց են ուխտավորների առջև։

Տան ներսում սրբությանը հատկացվում է որևէ պահարան կամ պատի մեջ փորված խորշ, որոնք կատարում են յուրատեսակ խորանի դերը։

Մատուռի ճարտարապետության մեջ ոչ մի օրինաչափություն չկա, դրա տեսքը կախված է սեփականատեր-ընտանիքի ֆինանսական կարողությունից։ Եթե ընտանիքը սահմանափակ է հնարավորությունների մեջ, տան սուրբը կարող է ունենալ միայն համեստ փոքր տնակ-մատուռ, մինչդեռ մեծ կարողությունների տեր ընտանիքները կառուցում են եկեղեցիներ կամ մատուռներ՝ դրանց նախագիծը պատվիրելով մասնագետ-ճարտարապետներին, ուրեմն և այդ մատուռները պահպանում են հայկական եկեղեցաշինությանը բնորոշ ոճը։

Ներսից տան սրբերը չափազանց նման են միմյանց։ Տան միջի անկյուն կամ սենյակ, թե գեղեցիկ եկեղեցանման մատուռ՝ դրանք բոլորն էլ ունեն մոմ վառելու հատուկ տեղը, զարդարված են սրբապատկերներով, դրանցում պահվում են հավատացյլների նվերները՝ շուշպաներ, ձեռագործ փոքր խաչքարեր, փայտյա խաչեր։ Հաճախ լինում է նաև մետաղյա թասիկ՝ դրամական զոհաբերությունների համար։

Եթե տան սրբի մատուռի մեջ է պահվում գլխավոր առարկայական սրբությունը, ապա դրա համար պատրաստված է լինում փայտյա հատուկ տուփ կամ սնդուկ։ Միայն հազվագյուտ դեպքերում է, որ սրբությունը տեղադրված է լինում բաց, չծածկված վիճակում։

Տան սրբերի գլխավոր սրբություններ են լինում. ա. հրաշագործ գրքեր, բ. մասունքներ և մասնատուփեր, գ. խաչեր, դ. եկեղեցական սպասք, հոգևորականի հագուստի առարկաներ, դ. տարօրինակ պարագաներում հայտնաբերված, Երուսաղեմից կամ Արևմտյան Հայաստանից բերված արձանիկներ, հին մետաղադրամներ, մատանիներ, քարաբեկորներ։

Այդ բոլոր առարկաների միջոցով, հրաշքներ և բուժումներ են տեղի ունենում։

Գրքերը, որ տան սուրբ համարվող ամենատարածված սրբազան առարկաներն են, լինում են ինչպես տպագիր, այնպես էլ ձեռագիր։ Դրանց մեջ են նաև միջնադարյան այն ձեռագրերը, որոնք պարունակում են ծաղկող-վարպետների մանրանկարներ ու զարդանախշեր։ Երբեմն միևնույն սրբավայրում պահվում են մեկից ավելի հին գրքեր, որոնցից միայն մեկն է հրաշագործ։

Մասունքները եթե ոչ բազմաքանակ, ապա չափազանց կարևոր առարկաներ են։ Դրանց պաշտամունքը բնորոշ է քրիստոնյա ավանդական եկեղեցիներին։ Մասունքը սուրբ անձնավորության, նահատակի ոսկորի կամ Հիսուս Քրիստոսին կամ սրբերին պատկանող որևէ առարկայի մասնիկ է, որն ունի Աստծո կամ այդ սրբի զորությունը։ Տերունական խաչի կամ զորավոր սրբի ընդամենը մի փոքր նշխարը, պահվելով որևէ վանքում, հավատացյալների աչքերում միանգամից տասնապատկում էր վանքի զորությունն ու նշանակությունը։ Դեռևս մեկ դար առաջ այդպիսի մասունքները տանում էին համաճարակների բռնկման վայրեր՝ հիվանդությունները կանգնեցնելու համար, դրանցով երթեր, թափորներ էին կատարում, որ անձրև գար կամ կարկուտը կտրվեր, դրանք հայտնի էին ծանր հիվանդներին ոտքի կանգնեցնելով և նույնիսկ մահացածներին կենդանացնելով։ Հատուկ տոներին, երբ մասունքները դուրս էին հանվում՝ ի տես ժողովրդին, հազարավոր ուխտավորներ էին գնում դրանք երկրպագելու, դրանց հրաշքին հաղորդվելու։

Ահա այդպիսի զորավոր առարկաներ կամ առնվազն այն հին զարդարուն տուփերը, խաչերը (մասնատուփերը), որոնց մեջ դրանք պահվել են (պահվելու վերաբերյալ դրանց վրա հաճախ կան հատուկ արձանագրություններ) պատմական ինչ-որ անհայտ պատճառով հայտնվել են մասնավոր տներում։ Այնքան ժամանակ, քանի դեռ ընտանիքում կան մարդիկ, ովքեր հավատում են մասունքների զորությանը, դրանք շարունակում են մնալ ուխտավորներին դեպի իրենց ձգող առարկաներ։

Խաչերը և եկեղեցական սպասքը, հոգևորականի հագուստը իրենց սրբությունն ստացել են այն բանի շնորհիվ, որ իրենց ժամանակին դրանք բոլորն օրհնվել ու սրբագործվել են եկեղեցական ծեսերի ժամանակ գործածվելու համար և կրում են սրբության այդ կնիքը։ Եթե այդ առարկաները հրաշալի ճանապարհով, երազով կամ տեսիլով չեն հայտնաբերվել, ապա դրանք ծառայում են ոչ թե բուն պաշտամունքի առարկա (գլխավոր սրբություն), այլ ուղղակի պահվում են նույն սրբավայրում։ Դրանց միջոցով սեփականատեր ընտանիքի որևէ օժտված անդամ կարող է ծեսեր կատարել։ Որոշ դեպքերում հենց այդ սպասքով կամ սրբազան անոթներով խմած սուրբ ջուրն է համարվում բուժում ստանալու երաշխիքը։

Այլ առարկաները կարող են դառնալ տան սրբի գլխավոր սրբություն միայն այն պարագայում, եթե դրանք գտնվել են հատուկ, հրաշալի ճանապարհով։


Ձեռագրեր 109՝ պաշտամունքի առարկա հանդիսացող գիրք
40-ը դրանցից՝ ձեռագիր
29-ը դրանցից՝ նկարազարդ մատյան

Տան սուրբ-սրբավայրերի գլխավոր սրբությունները առավել հաճախ լինում են հրաշագործ գրքեր։ Այդ գրքերի մի մասը միջնադարյան ձեռագիր մատյաններ են, որոնք բացի կրոնականից ունեն նաև գեղարվեստական և պատմական բարձր արժեք։

2019-2021 թթ. կատարված դաշտային հետազոտության ընթացքում թվայնացվել են հատկապես այդ մատյանները, որոնց թվային պատկերներն էլ կազմում են ՀԱԻ արխիվի Տան Սուրբ Ձեռագրեր (ՏՍՁ) էլեկտրոնային հավաքածուն։

Հետազոտության ընթացքում հայտնաբերված ամենահին պատկերագիր ձեռագիրը (ՏՍՁ 1) թվագրվում է 9-11 դդ. և հայկական ձեռագրարվեստի հնագույն նմուշներից է։

Այս ձեռագրերը, ինչպես և սուրբ ու հրաշագործ համարվող ձեռագիր մատյանների ու տպագիր գրքերի մեծ մասը անցել են ծանր ու գաղթերով լեցուն ճանապարհ։ ՏՍՁ հավաքածուի մեջ կան ձեռագրեր, որ սուրբ են համարվել և իրենց մատուռներն են ունեցել դեռևս Արևմտյան Հայաստանում: Կան նաև այնպիսիք, որ իրենց հրաշագործ համբավով հայտնի էին դեռևս 19-րդ դ.։

Արևելյան Հայաստանի վանքերում ստեղծված մատյանների մի մասը Շահ Աբբասի հրամանով տարհանված ժողովրդի հետ միասին հայտնվել է Իրանում։ Գրվելով Արևմտյան Հայաստանի որևէ վանքում՝ ձեռագրերը տարբեր աղետների, պատերազմների, բնակչության զանգվածային տեղահանության հետևանքով հայտնվել են մերթ Արևելյան Հայաստանի տարածքում, մերթ գաղթօջախներում։ Սուրբ գրքերի հանդեպ հետապնդում է եղել նաև խորհրդային շրջանում։ Բազմաթիվ հոգևորականներ զոհ են գնացել ստալինյան բռնաճնշումներին, իսկ վանքերում ու եկեղեցիներում պահվող գրքերն ու ձեռագրերը բոլշևիկների ձեռքով հաճախ նետվել են կրակի մեջ ու դարձել հրո ճարակ։

Երբեմն հոգևորականները հողի մեջ էին պահում արժեքավոր գրքերը, որպեսզի դրանք չոչնչացվեն: Տան Սուրբ Ձեռագրեր հավաքածուի մեջ մտել են ձեռագրեր, որոնք հրաշքով կամ պատահականորեն գտնել են դրանց նոր տերերը. մեկը գտել է ձեռագիրը, երբ վերանորոգել է նոր գնված տունը, մյուսը՝ գաղթի ժամանակ Արաքս գետն անցնելիս՝ տեսել է դեպի իրեն լողացող սնդուկը և փրկել է դրա միջի գիրքը, երրորդը կարողացել է թաքցնել ու պահպանել բոլշևիկյան խարույկի միջից դուրս թռած ու իր ձեռքերի մեջ հայտնված ձեռագիրը։ Զարմանալի չէ ուրեմն, որ այդ ձեռագրերից շատերն ունեն այրված կամ ջրից վնասված էջեր։

Դաշտային հետազոտությունների ընթացքում ահա այսպիսի իրական բազմաթիվ պատմություններ է արձանագրել ու ձայնագրել ՀԱԻ արխիվի աշխատանքային խումբը։

Դրանց կողքին կան նաև ժողովրդական հրաշապատումներ, պատմություններ հրաշքների մասին, որ տեղի են ունեցել են այդ հին գրքերի զորությամբ։ Դրանց մեջ շատ են փափագների կատարման մասին պատմող սյուժեները. գրքի անձնավորված սուրբը հայտնվում է հիվանդի երազում ու խոստանում բուժել, եթե նա իր մոտ գա, բարեպաշտ սկեսուրը իր անզավակ հարսին տարել է սրբի մոտ, և շուտով հարսը երեխա է ունեցել, գիրքը դրել են հիվանդի գլխի տակ, և նա առողջացել է և նմնատիպ այլ սյուժեներ։ Կան նաև պատմություններ այն մասին, որ սուրբը պատժել է մարդկանց, երբ նրանք անհարգալից են վերաբերվել իր հանդեպ կամ երբ գիրքը հայտնվել է վատ ձեռքերում։

Այդ բոլոր պատմությունները արագ տարածվում են և հաճախ պատմվում, և դրանց շնորհիվ է, որ շարունակվում է պահպանվել սուրբ գրքերի պաշտամունքի կենդանի ավանդույթը։

ՏՍՁ 6 Ավետարանի ծաղկողն է 16-17-րդ դ. անվանի մանրանկարիչ Զաքարիա Ավանցին։ Բացի յուրօրինակ ոճից և գունագեղ ներկապնակից, նրա նկարազարդումները հատկանշական են հայկական ժողովրդական առասպելական սյուժեների լայն օգտագործումով, որոնց շնորհիվ հարուստ է նաև Զաքարիայի մանրանկարների բովանդակությունը։

Հրաշագործ գրքերն օգնում են ոչ բոլոր հիվանդությունների դեպքում։ Կան այնպիսի գրքեր, որոնց դիմում են հատուկ խնդիրներով հավատացյալները։ Որոշ գրքեր հայտնի են այն բանով, որ բուժում են հենաշարժային ապարատի հիվանդություններ, ուրիշներն ազատում են ամլությունից և նպաստում երեխա ունենալուն, երրորդների ազդեցությունը վերաբերում է հոգեկան ոլորտին՝ դրանք օգնում են ազատվել սուր վախերից, ուշաթափություններից և այլն։ Կան սուրբ գրքերի խնամակալների կողմից կատարվող արարողություններ, որ օգնում են նաև հասկանալ հիվանդության պատճառները։ Այդ բոլոր բուժումները տեղի է ունենում առանց ֆիզիկական միջամտության և դեղերի, իսկ գրքի անձնավորված սուրբը միջնորդ է հանդիսանում հիվանդի և Աստծո միջև, ուրեմն և բուժումը ենթադրում է հավատքի առկայությունը։

Մարդիկ հավատում են, որ այդ գրքերը, ինչպես և սրբավայրերը, որտեղ դրանք պահվում են, նման են եկեղեցիների և վանքերի։ Իրականում այդ գրքերից շատերը իսկապես հնում պահվել են գործող վանքերում։ Կան նաև տեղեկություններ այն մասին, որ անգամ վանքերում և եկեղեցիներում առանձին տեղում դրվել են զորավոր ավետարաններ, որոնց երկրպագելու և բուժում հայցելու համար այդ վանքեր և եկեղեցիներ են գնացել հարյուրավոր հիվանդներ։ Եկեղեցիներն այդ դեպքում կարող էին ստանալ կրկնակի անուն, որոնցից մեկը հրաշագործ գրքի անունն էր։ Այդպիսին է Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցին, որում մինչև 19-րդ դ. կեսը պահվել է Ս. Զորավոր Ավետարանը։

Հոգեգալստյան թեմայով հայկական մանրանկարների շարքում կան այնպիսիք, որ ունեն յուրահատուկ կառուցվածք և տարօրինակ կերպարներ։ Արևմտյան Հայաստանի Խիզան գավառակի Կեցան գյուղի Ս. Աստվածածին վանքում գրված 1606 թ. Ավետարանի (ՏՍՁ 10) մանրանկարչի անունը չի պահպանվել, բայց այսօր էլ հնարավորություն ունենք հիանալու նրա կերտած պատկերով։ Այս «Հոգեգալուստը» խախտում է այդ տեսակի մանրանկարների բոլոր կանոնները։ Այստեղ առաքյալները պատկերված են ոչ թե ուղղահայաց երկու մասի բաժանված պատկերի վերևի բաժնում, այլ երկու բաժիններում հավասարապես։ Վերևում պատկերված վեց առաքյալները վկա են դառնում Հիսուսի՝ Սուրբ Հոգու ձևով իջնելուն, մինչդեռ ստորին հատվածում երեքական առաքյալների մեջտեղում պատկերված է բոլորովին այլ տեսարան՝ առանց լուսապսակի մարդուն օրհնող Շնագլուխը և ներքևում՝ ափերը պարզած ևս մեկ մարդ։ Շնագլուխը հատկապես Վասպուրականի մանրանկարներում Ս. Քրիստափորն է, նրա քարոզը և կերպարանափոխությունը 13-րդ դ.-ից սկսած ավանդաբար մտցվել են Հոգեգալուստի հայկական մանրանկարների պատկերագրության մեջ։ Ափերը պարզած մարդը, որը զուգահեռ է նույն թեմայով այլ մանրանկարներից հայտնի հանգուցյալի հոգուն, ամենայն հավանականությամբ մարմնավորում է արևելյան առակը, համաձայն որի, ոչ ոք չի կարող ինչ-որ բան տանել իր հետ այն աշխարհ։

Հայկական մանրանկարչության ուշ միջնադարի ևս մեկ յուրօրինակ պատկերագրական ավանդույթ է Ահեղ դատաստանի տեսարանը, որտեղ Հիսուս նստած է Ս. Ավետարանիչների խորհրդանշաններով շրջապատված Չորեքկերպյան աթոռի վրա, իսկ նկարի ստորին հատվածում կշեռքով կշռվում են բարի և չար արարքները։ Ծաղկողը հավելել է նաև Ս. Աստվածածնի և Ս. Հովհաննես Մկրտչի՝ գլխավոր բարեխոսների կերպարները, որոնք վերին մասում կանգնած են Քրիստոսի երկու կողմից, մինչդեռ կշեռքի գործողությանը փորձում են միջամտել սատանաները։

Հմայիլը աստվածաշնչյան որոշ տեքստերի և պաշտպանիչ կամ փրկագործող բնույթ կրող աղոթքների ժողովածու է, գրված փաթաթվող երկար մագաղաթի կամ թղթի վրա։ Հմայիլները գրվում էին առանձին անձանց պատվերով և նպատակ ունեին պաշտպանելու այդ մարդուն զանազան փորձանքներից, հիվանդություններից և դևերից՝ մինչև մարդու մահը։ Մի հին սովորույթի համաձայն դրանք չպետք է բացվեին կամ ընթերցվեին բացի այն ծայրահեղ դեպքերից, երբ հմայիլի տերը մահամերձ էր։ Միայն այդ ժամանակ հոգևորականները նորից բացում և կարդում էին հմայիլը։ Սակայն երբ բուն պատվիրատուն ու տերը մահանում էր, նույն հմայիլ-փաթեթը կարող էր օգտագործել որևէ այլ մարդ, որն ուղղակի ջնջում էր նախորդ տիրոջ անունը և իրենն էր գրում՝ ակնկալելով հմայիլում առկա բոլոր աղոթքների ու սրբերի հովանավորությունը։

Այդ ավանդույթի մոռացվելուց հետո հին, հատկապես ձեռագիր ու պատկերազարդ հմայիլները սկսեցին կատարել նույն սուրբ գրքերի դերը։ Դրանք պահվում էին սրբավայրերում կամ տան մեջ՝ հատուկ տեղում, գործածվում էին բուժիչ արարողություններ կատարելու համար։ Այսօր էլ դրանց հանդեպ ակնածանքը չի նվազել։

Քանի որ դրանց դերը առաջին հերթին հմայությունն էր, հմայական պաշտպանությունը, հմայիլների մեջ հաճախ հանդիպում են հատուկ հմայագրեր, որոնց տիրապետել են միջնադարյան հայ գրիչներից շատերը։ Ներկայումս դրանք չեն վերծանվում, թեև, հավանաբար, պատկանում են նույն ավանդույթին, ինչ ասորական, արաբական, եբրայական, եթովպական նմանատիպ գրերը։

Ավետարաններից ու հմայիլներից բացի սուրբ գրքերի շարքում են Ս. Նարեկը (Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» աղոթագիրքը), որի բոլոր նմուշները տպագիր են, ինչպես նաև մի քանի այլաբնույթ գրքեր՝ ախտարքներ և ուրբաթագրքեր։

Ախտարքը միաժամանակ տոմարական, աստղաբաշխական և որոշ չափով կախարդական տեքստերի և աղյուսակների հավաքածու է, որը նաև անձը պաշտպանելու դեր է կատարում։

Ուրբաթագիրքը գլխավորապես բուժման նպատակով արտասանվող աղոթքների ժողովածու է, մինչդեռ ուրբաթ օրը համարվել է շաբաթվա՝ բուժման համար առավել նպաստավոր օրը։ Ինչպես հայտնի է, Ուրբաթագիրք է եղել հայերեն առաջին տպագրված գիրքը (Վենետիկ, 1512), ինչը նույնպես վկայում է գրքի բովանդակության կարևորության մասին։ Այդուհանդերձ, ՀԱԻ արխիվի թիմի կողմից հայտնաբերված սուրբ գիրք հանդիսացող բոլոր ուրբաթագրքերը ձեռագիր են, իսկ դրանց բովանդակությունը մասամբ համընկնում է հմայիլների բովանդակության հետ։ Ինչպես հմայիլներում, այնպես էլ ուրբաթագրքերում կան հովանավոր սրբերի մի շարք պատկերներ։

ՀԱԻ արխիվի գիտական թիմի 2019-2022 թթ. դաշտային հետազոտությունների ընթացքում թվայնացված մատյանները պատմական Հայաստանի և հայկական գաղթօջախների հայտնի գրչության կենտրոններում արտագրված ձեռագրեր են: Մասնավորապես, ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ձեռագրեր՝ արտագրված Հաղբատի վանքում (ներկայումս գործող վանք՝ ՀՀ Լոռու մարզում), Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ (ներկայումս գործող վանք՝ Իրանի Սպահան քաղաքում), Ապրակունիսի Ս. Կարապետ, Աղթամարի Ս. Խաչ, (Հին) Վարագավանքի, Հարավային Տայքի՝ Բաբերդի Ս. Հրեշտակապետաց. Խիզանի՝ Կեցանի Ս. Աստվածածին և Մահմուդանքի Ս. Հովհաննես (վերջին հինգը՝ ներկայիս Թուրքիայի տարածքում) վանքերում ու եկեղեցիներում: Վերոնշված կառույցներից որոշներն արդեն իսպառ ավերված են:

Այդպիսի օրինակ է ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածքում գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետության՝ նախկինում Մեծ Հայքի Սյունիք նահանգի Երնջակ գավառի՝ Ապրակունիս գյուղի մոտ գտնվող Ապրակունիսի Ս. Կարապետ վանքը, որը 1381 թ. հիմնադրել էր Մաղաքիա Ղրիմեցի վարդապետը: Այդ վանքում գործել է բարձրագույն տիպի դպրոց՝ Հովհան Որոտնեցու րաբունապետությամբ։ 2004 թ.-ից վանքն ավերվել է Ադրբեջանի հանրապետության ղեկավարության հրահանգով:

ԱՄՓՈՓՈՒՄ

2019-2021 թթ. ՀԱԻ արխիվի դաշտային աշխատանքների արդյունքն է Տան սուրբ ձեռագրեր էլեկտրոնային հավաքածուն, որի մեջ մտել են այնպիսի մատյանների պատկերները, որոնք համարվում են սրբազան զորության տեր և սովորաբար անհասանելի են մնում հանրության համար։

Սուրբ գրքերի պաշտամունքը այժմ էլ տարածված է հայ ժողովրդի մեջ։ Մարդիկ ուխտի են գնում դրանց նվիրված սրբավայրերին, որտեղ գտնում են հոգու հանգստություն, բուժվում են մի շարք հիվանդություններից, գտնում են իրենց պաշտպանությունը և խնդիրների լուծումը։

Սուրբ գրքերի անցած պատմական ճանապարհի մասին պահպանվել են բազմաթիվ իրական զրույցներ, դրանց անձնավորված սրբերի գործած հրաշքների շուրջ ստեղծվել են հրաշապատումներ։

Սուրբ գրքերի մի մասը արժեքավոր հին ձեռագրեր են, որոնց նկարազարդումները գեղարվեստական անժխտելի արժեք են ներկայացնում։ Քանի որ այդ մատյաններից շատերը գրվել են ներկայումս ավերված վանքերում և կորսված եկեղեցիներում, դրանք ազգային հիշատակներ են և ունեն նաև մեծ պատմական նշանակություն։

ՏԱՆ ՍՈՒՐԲ ՁԵՌԱԳՐԵՐ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Լիլիթ Սիմոնյան, Հայկ Հակոբյան, Կարեն Հովհաննիսյան

Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն

Տեքստը՝ Լիլիթ Սիմոնյան, Հայկ Հակոբյան, Կարեն Հովհաննիսյան
Երաժշտությունը՝ Լիլիթ Սիմոնյան

Լուսանկարներ.
Նախագծի մեջ օգտագործված՝ դաշտային աշխատանքի և ձեռագրերի լուսանկարների հեղինակային իրավունքը
պատկանում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին։

Հայկական վանքերի լուսանկարներ.
Աբրակունիսի Ս. Կարապետ վանք. հին լուսանկարը՝ Արտակ Վարդանյանի, 1986 թ.,
նոր լուսանկարը՝ Սթիվեն Սիմի, 2005 թ.:
Հին Վարագավանք. արխիվային և նոր լուսանկարները՝ Ժիրայր Սալմաստեցու, 2019 թ.:
Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք. լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի, 2009 թ.:
Բաբերդի Ս. Հրեշտակապետաց վանք. լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի, 2007 թ.:
Աղթամարի Սուրբ Խաչ վանք. լուսանկարը՝ Հայկ Հակոբյանի:
Հաղպատի վանք. լուսանկարը՝ Տիգրան Ապիկյանի։

Հատուկ շնորհակալություն Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամին (ՀՃՈՒ)
և Արտակ Վարդանյանին՝ լուսանկարները տրամադրելու համար
https://raa-am.org/պատկերասրահ/

Էլեկտրոնային ցուցահանդեսի ստեղծումը՝ Տիգրան ԱՊԻԿՅԱՆԻ